Posted in ՄՈՒՇԵՂ ԳԱԼՇՈՅԱՆ-ՆԱԽԱԳԻԾ, Գրականություն 7

Մուշեղ Գալշոյան, «Մամփրե արքան» 2-մաս

Հոր հետ քայլում էին լուռ, ելվերում էին իրենց թաղը՝ Վերին… Վերին թաղ, Վերին թաղ և Վերին թաղի վերին տուն… Տան թիկունքին սարալանջն էր, լանջին շաղգամի արտը և շաղգամի արտն ի վեր՝ Մեհրեաղբյուրը։ Առավոտյան ինքը Մեհրեաղբյուրի ջուրը կապեց շաղգամի արտին և ապա գնաց այբուբենը սերտելու։ Իսկ, ահա, ջուրը կտրվել էր… Օսմանի լակոտ, Օսման, աղբյուրի ջուրը էլի նա է կտրել, այդ ճպռոտ լակոտը։ Որտեղի՞ց հայտնվեցին ու հարամեցին գյուղը։ Գյուղը, փողոցը, հողը, ջուրը, աղբյուրը: Էն խեղճ պառավի (անունն ինչպե՞ս էր) պառավի հիմար որդին ղարիպության գնաց, գնաց հիմարը ու էլ չերևաց, և պառավը մեռավ և պառավի հիմար որդու փոխարեն, որտեղից որտեղ, այդ հարամ Օսմանը հայտնվեց ու տիրացավ տանը։ Իր անունը Օսման, լակոտի անունը Օսման, աշխարհում էլ ուրիշ անուն չկա։ Հայտնվեց, տիրացավ պառավի տանը և ասում է, թե տունը գնել է. գայմագամից, այսինքն գավառապետից թուղթ ունի։ Երեկ-մյուսօր է հայտնվել, բայց գյուղի անունը արդեն աղավաղել-հարմարեցրել է իր լեզվին, իսկ Մեհրեաղբյուրը կնքել է Աթաբունար, որպես թե հին անունը, աղբյուրի նախնական անունը այդ է եղել՝ Աթաբունար։ Սադայելի ծնունդ, այդպիսի բան ինչպե՞ս կարող է լինել. չէ՞ որ աղբյուրը Մհերի անունով է: Առյուծ Մհերի անունով։ Աղբյուրն իր պատմությունն ունի. Մհերը, ուրեմն, Սասնա տան Մհերը, հենց այստեղ, այս սարի վրա է առյուծին հանդիպել, հանդիպել ու դատարկ ձեռոք ճղել է առյուծին և, աստծո հրամանով, այդտեղից առյուծին հանդիպած ու ճղած տեղից, աղբյուր է բխել։ Այ, այդպես է եղել։ Եվ Մհերը կնքվել է՝ Առյուծ Մհեը, իսկ աղբյուրը Մեհրե։ Այ,այդպես է եղել…

Եվ լցված ու հերսոտ քշեց դեպի աղբյուրը… Սուլթանը Ռուսաց ցարին պատերազմ է հայտարարել, վարժարանը փակվեց, հորը ուզում են ասկյար տանել, վարժարանը փակվեց, գյուղի շները օրը ցերեկով խառնվել են իրար, վարժարանը փակվեց, դու էլ, Օսմանի ճպռոտ լակոտ, դու էլ Մամփրեի՞ն ես կռիվ հայտարարել։ Հիմա կտեսնենք…

Այո, աղբյուրի, ջուրը Օսմանն էր կտրել, իրեն հասակակից, ճպռոտ, բայց ցիցքիթ այդ լակոտը։ Ջուրը շուռ էր տվել իրենց տան կողմ և նստել էր ուրթին։

Եվ հասնելն ու ոտքի տակ առնելը մեկ եղավ… հետո թևից բռնեց-շպրտեց իրենց հարամ տան կողմ և դարձավ ջուրը կապելու։ Ծնկեց ուրթի մոտ և…

— Օխաաշշշ…,— Մամփրեն, թոռանը ծնկների արանքում սեղմած, ձեռքը տարավ գլուխը։ Ծոծրակի մոտ այնպես իրական պոռթկաց ցավը, ինչպես, է՜, այն օրը, երբ այդ նենգ լակոտը, այնուամենայնիվ, թիկունքից քարով զարկեց-ջարդեց իր գլուխն ու փախավ։ Փախչում էր և, ուսն ի ետ, քարերի պես շպրտում,— Աթաբունար… Աթարանար,— որպես թե՝ աղբյուրի անունը Մեհրե չէ, աղբյուրը քոնը չէ…

Մամփրեն ցավով տմբտմբացրեց անցած հուշերին— Օսման, դու ճպռոտ լակոտ էիր, բայց դու պարծենալու իրավունք ունես, նենգորեն ջարդեցիր Մամփրեի գլուխը և մնացիր անպատասխան… Կոտորում եղավ, գաղթ եղավ, և Մամփրեն ճար չունեցավ, քեզ ոտքի տակ գցելու հնար չունեցավ։ Մարաթուկ վկա, Մամփրեն քեզ այնպես կտրորեր, որ դու այլևս չէիր պղծի աղբյուրի սուրբ անունը։ Սուրբ և տիրակոչ։ Դու ավարառու անօրեն ես, բայց իրավունք ունես պարծենալու. աղբյուրի անունը, այնուամենայնիվ, պղծվեց, իսկ Մամփրեն հայոց գրին, այդպես էլ, անծանոթ մնաց… Տեր Հարությունը հյուսած տառերը դրեց ծոցն ու ելավ Արարատ, գնաց ու կորավ վիհերում ու ձյուների մեջ, և ինքը, Մամփրեն, հայոց տառերին անծանոթ մնաց։

Իսկ ե՞րբ սովորեր՝ կոտորումի ժամանա՞կ, գաղթի ճանապարհի՞ն, հետո… հետո՝ պատերազմի դաշտո՞ւմ… Ե՞րբ։ Բայց եղավ, այդպիսի մի պատեհություն եղավ, ախր, հայտնվեց, բայց այն էլ ինքը չկարողացավ օգտագործել. իր հիմար բնավորության պատճառով՝ խռովկանության։ Այո նոր՝ Քարագլուխ գյուղի սովետականացման առաջին տարիներին գյուղում անգրագիտության վերացման կայան բացվեց, ախր, լիկկայան։ Վարժապետը ջահել, իրենից շատ ջահել մի տղա էր։ Եվ, հենց առաջին օրը, ի՞նչ արեց այդ լղպորը. մատը տնկեց իր կողմ, թե՝ մեկից-տասը հաշվիր։ Վիրավորվեց, բայց, դե, վարժապետն էր պահանջողը, հաշվենք թե՝ Տեր Հարությունը։

— Մեգ, էրգու, իրիք…

— Երկու… երեք,— ուղղեց լիկկայանի վարժապետը։

— Երկու… եր… երեք, չուրս…

— Չորս,— ուղղեց վարժապետը։

— Չուրս… չուր… չորս,— քրտնած տակից դուրս եկավ,— չորս, հինգ, վից…

— Վեց,— ուղղեց վարժապետը։

— Վից:

— Վեց։

— Վի… վից,— և հա փորձեց, վարժապետն էր ստիպում, ու հա անարդյունք և վիրավորված ու խռով թողեց-հեռացավ լիկկայանից։ Չլիներ այդ անհնազանդ «վիցը» (վեց-վեց-վեց… տես, թե ինչ հանգիստ է պտտում լեզուն, վից կամ վեց, ի՞նչ տարբերություն), չլիներ այն հիմար վարժապետը, այն ժամանակ Մամփրեն տառերը սովորած կլիներ։ Դրանից հետո այլևս ի՞նչ տառ, ի՞նչ դիր… Լավ է դեռ, Տեր Հարությունի սովորեցրած այբուբենն էլ չի մոռացել, զարմանալի է, որ չի մոռացել. քանի՞ տարի է անցել. վաթսունչո՞րս, վաթսունհի՞նգ, բայց, տես որ, հիշում է,— ա՜յբ, բե՜ն, գի՛մ, Ել, Հովակիմ…— Հա, լիկկայանից հետռ այլևս ի՞նչ գիր. մինչև քիչ ու միչ ուշքի եկավ, էլի՝ պատերազմ, և Մամփրեն՝ ճակատային և գիր չիմանալու պատճառով, նամակ չգրելու պատճառով, գյուղում լուր էր տարածվել, թե Մամփրեն անհայտ կորած է։ Իսկ պատերազմից հետո… Խենթություն կլիներ, որ կռվից տուն գալուց հետո Մամփրեն նստեր ու գրերը սովորեր… Եվ, այդպես էլ, Տեր Հարությունի ասած ժամանակը չեկավ։ Չեկավ և… բայց… գուցե հիմա՞ է, հիմա՞ է հայոց գիրը սովորելու իր ժամանակը։

— Հըմը թող զիս, ձգուկ։— Մամփրեն թոռանը հրեց ծնկների արանքից, ոտքի ելավ և սկսեց անհանգիստ քայլել:

«Մարաթուկ վկա, սուրբ Մաշտոցի գրերն սովորելու Մամփրեի օրն ու ժամանակը նոր-նոր տեղ է հասե»։

Եվ գյուղը դրնգաց. Մամփրեն որոշել է տառաճանաչ դառնալ։ Մամփրեն՝ ութսունին մոտ, ութսուն տարի առանց գրի յոլա է գնացել, իսկ ահա որոշել է գրել-կարդալ սովորել:

Ով լսում էր, հանկարծակիի եկած, Մամփրեի տան կողմն էր նայում. այնպես թե տունը հրդեհվել է, հետո տեսնում էր՝ տունը խաղաղ ծխում է, դառնում ծիծաղում էր,— խելռել է Մամփրեն։

Իսկ ով մուտք ու ելք ուներ Մամփրեի տունը, գնում-տեսնում էր. Մամփրեն՝ խելքը տեղը, շատ լուրջ, շատ զգաստ և շատ գործնական կուրծքն ի վար մեկնված է հատակին, դիմացը՝ այբբենարանը, դիմացը՝ տետրեր, ձեռքին կարմիր մատիտ և գլխավերևում, որպես ուսուցիչ թոռնուհին։

— Ասա ա։

— Ա՜յբ:

— Դմբո, այբ չէ, ա՜,— և խփում է գլխին։

— Աղջի, կամաց զարկ, իմ գլուխն է կցավա։ Ա՜:

— Մեծատառ Ա։

— Մեծտառ Ա։

— Մեծտառ չէ, դմբո, մեծատառ,— և խփում է գլխին։

— Կամաց զարկ, ձգուկ։ Մեծատառ Ա։

— Դե գրիր մեծատառ Ա։

Եվ Մամփրեն մատիտը երկար թքոտում է։

— Դմբո, մատիտը մի թքոտիր։

— Թող արա թրջեմ, որ գիրն լավ երևա, ձգուկ։

— Դրա համար էլ, ասում եմ, սև մատիտով գրիր։

— Չէ, ձգուկ, սուրբ Մաշտոցի գրերն հարկ է որ գրվեն կարմիրով։ Ասա ինչո՞ւ, քանզի սուրբ Մաշտոցը գրերն իր սրտից է հանել ի լույս։

— Լռությո՛ւն։

— Համբերե զիմ խոսքն ավարտիմ, ձգուկ, համբերե։ Ուրեմ, սուրբ Մաշտոցի գրեր կարմիր են, քանզի թրծվել են արդար Արեգակով։ Եվ կարմիր են, քանզի սրբազան կռիվների են մասնակից եղել: Իմացա՞ր։

— Ուսուցիչը ե՞ս եմ, թե դու։ Դե գրիր մեծատառ Ա։ Հո չե՞ս մոռացել։

— Չէ, ձգուկ, չէ, մոռանալու բան չէ. ջուխտակ առվակ կողք-կողքի սարից կիջվարեն-կթափվեն պստիկ առվակի մեջ, ու առվակներն ավելի կլցվեն ու ավելի կբարձրանան ու աջակողմյան առվակից պստիկ մեկ առվակ ճոթ կտա դեպ աջ ու քչիկ կերթա ու էլի կդառնա իջվար։ Էս քեզ մեծտառ Ա։ Պատկերն իմ աչաց դեմն է, հըմը…

— Էլ ի՞նչ հըմը, գրիր։

— Մի զարկե, ձգուկ, համբերե, համբերե, քու դալար թևերն են իմ ուսերին, համբերե։

— Ոչ մի համբերել, վատ եմ նշանակում։

— Կխնդրեմ համբերես, ձգուկ, կգրեմ։ Կգրեմ, ձգուկ, հըմը մատիտն է փոքրիկ։ Մատիտն է փոքրիկ, ու իմ մատներն էս պստիկ-պստլիկ մատիտ չեն բռնի։ Քու հորն ասա, թող մեծ ու հաստ մատիտ բերի։ Մեծ ու հաստ ու կարմիր։

— Հիմա գրո՞ւմ ես, թե՞ վատ նշանակեմ։

— Կգրեմ, ձգուկ, կգրեմ։— Եվ Մամփրեն նորից ու երկար թքոտում է մատիտը և, կուրծքն ի վար մեկնված հատակին, լարված սկսում է։— Ըըը՜… էսպես…

— Շատ մի երկարիր։

— Թող երկար էղնի, ձգուկ, մեծտառ է։ Մեծատառ է ու… ու առուն ինչքան երկար, էնքան աղեկ ու էնքան գեղեցիկ ու բարին մեծ։ Աայ՜յ, էսպես։

— Լավ։ Երեք եմ նշանակում։ Կկրկնես, կարգին կսովորես մինչև գամ։ Զանգը տրված է։

Եվ թոռնուհին զանգուլակը ծլնգացնում է պապի գլխին, իսկ Մամփրեն տնքալով ոտքի է ելնում։

Յա՜… Հարևանը, ժպիտը դեմքին, անկյունում նստած է։ Ե՞րբ է հայտնվել: Ինչո՞ւ է եկել և ինչ է ուզում։

— Գրասենյակ չերթա՞նք, Մամփրե։

— Չէ, ջանմ… Գրասենյակ։

Մամփրեի խելքն էր շատ, որ աշունքվանից-գարուն գրասենյակից դուրս չէր գալիս։ Պրծա՜վ։ Այլևս՝ ոչ մի գրասենյակ։ Թող պարապ-սարապները գնան՝ ծխեն ու դատարկ խոսեն, խոսեն ու ծխեն և խեղդվեն իրենց ծխի մեջ։ Մամփրեն կարևոր գործ ունի, նպատակ ունի, Մարաթուկին տված ուխտ ու պայման ունի Մամփրեն. մինչև սուրբ Մաշտոցի գրերը չսովորի, ոտք չի դնի գյուղամեջ։ Վերջ։ Եվ… և խնդրում է, որ չխանգարեն իրեն։ Այդքան բան։

Բայց էլի գալիս էին, երբեմն նաև նրանք, ովքեր ընդհանրապես մուտք ու ելք չէին ունեցել Մամփրեի տանը։ Պարզապես հետաքրքիր էր. Մամփրեն ինչպե՞ս է սերտում ու գրում տառերը, ասում են միշտ կուրծքն ի վար մեկնված է, ոչ թե սեղանի մոտ նստած, այլ հատակին պառկած, և թոռնուհին հա խփում է գլխին ու սովորեցնում։ Եվ գալիս էին ի տես։

Բայց մի օր Մամփրեն կատաղեց։ Սի ջահել էր եկել և սուսուփուս, աննկատ նստել անկյունում, իսկ Մամփրեն այդ օրը սովորում էր մի տառ, որը իրեն դուր չէր գալիս։ Պետք է սովորեր ճիշտ արտասանել և վարժ գրել Թ-ն։ Իսկ տառը նրան դուր չէր գալիս, հատկապես Թ-ի կտիչը։ Այն, որ այդ տառը շիտակ առվակների սկզբունքից, կարծես, դուրս է. կարճ ու երկար, բայց միշտ շիտակ ու գեղեցիկ առուների պատկերը կարծես խախտում է. դա դեռ ոչինչ, պատահում է նաև առու, որ մի տեղ լճանում է, բայց -Թ-ի կտիչը ուղղակի կատաղեցնում էր նրան։ Եվ սկզբում, նույնիսկ այդ տառը սովորելուց ուզեց հրաժարվել. այդքան տառերի մեջ մեկն էլ թող չիմանա։ Բայց թոռնուհին հարցը կտրուկ դրեց՝ կամ պետք է սովորի, կամ ինքը ընդհանրապես հրաժարվելու է ուսուցչությունից։ Եվ Մամփրեն համաձայնեց գրել Թ-ն, բայց առանց կտիչի։ Իսկ թոռնուհին բամփում ու ստիպում էր։ Իսկ երբ Մամփրեն աչքերը մոտիկ-մոտիկացրեց այբբենարանի Թ-ի էջին, զննեց և նկատեց, որ… օհո՜ո, Մամփրեն նկատեց, որ այբբենարանում Թ-ի գլխին նկարված է նաև Դ-ն և… և, ի՞նչ, Սասունցի Դավթի նկարը… Այո, այո՝ Սասունցի Դավիթը։ Ահա՝ հեծած է Քուռկիկ Ջալալին և Կայծակ թուրը թափով ետ է բերել ու թռցրել Թ-ի կտիչը։ Հենց այդպես։ Նկատեց և շուռ եկավ ու, առը-հա, թոռանը, աշակերտած շաբաթների ընթացքում՝ առաջին անգամ։ Բամփեց և թոռնուհու աչքն ու ճակատը բերեց-կպցրեց այբբենարանի բաց էջին.

— Քու աչքերն լեն բաց ու տես, տես՝ Դավիթն, Սասնո Դավիթն նմանապես էդ չարանուն տառի կտիչի հետ համաձայն չէ։ Համաձայն չէ ու, տես-տես, Թուրկեծակին քաշել ու, առը-հա, կտիչին։ Տես, տես։

— Դմբո,— թոռը պոկվեց պապի ձեռքից և սովոր թաթով բամփեց։— Դմբո, դա նկար է։

— Նկար է, հըմը ո՞ւմ նկարն է։ Տես, տես։— Եվ թոռան գլուխը նորից կպցրեց այբբենարանի բաց էջին։— Տես։

Այս ծեծկռտուքի վրա անկյունում նստած ջահելը փռթկաց, և Մամփրեն հերսոտ ոտքի ելավ…

Ո՞ւմ տղան էր, ո՞ւմ՝ թոռն էր, Մամփրեն չիմացավ, բայց ձեռնափայտով հասցրեց արանքը ճղող ջահելի թիկունքին և հայհոյելով ու ձեռնափայտը թափ տալով՝ դուրս ելավ։

Ուշ աշնան թուխպ օր էր, էլի անձրև էր մաղում, և բակը թաց էր։

Մամփրեն ձեռնափայտը թափ տվեց ջահելի ետևից և դարձավ, հայհոյելով (ջահելը կարծում էր, թե Մամփրե պապը իրեն է հայհոյում), հայհոյելով ցեխի մեջ գծեց անդուր տառը, կտիչր երկար քաշեց և տրորեց,— քու կտիչ…,— տրորեց, հայհոյեց ու տրորեց։ Մամփրեն ցեխի մեջ գծեց տառը, կտիչը երկար քաշեց և կայծակ թուրը, որ ձեռնափայտն էր, վրա բերեց,— քու կտիչ…,— և թռցրեց կտիչը, Մամփրեն ցեխերի մեջ նկարեց տառը և տրորեց կտիչը և զարկեց–թռցրեց կտիչը և հայհոյեց և հայհոյեց և հայհոյեց…

Ջահելը ճամփեզրին կանգնած նայում էր փրփրած ծերունուն և արդեն գիտեր, որ նրա հերսն ու հայհոյանքը իր հետ կապ չունեն։ Եվ այնքան վարակիչ էր ծերունու կիրքը, որ ջահելը որոշեց գնալ և նրա հետ ոտքի տակ առնել տառի կտիչը:

Բայց Մամփրեն ձեռնափայտով նորից քշեց նրան։

Այդ օրն ի հետ, այլևս ոչ մեկը չայցելեց Մամփրեին։

Եվ կամաց-կամաց, ձմռան հետ, մոռացան նրան։ Թե հարսանիքների ժամանակ կամ տխրության (այդ ձմռան Մամփրեի համերկրացի Փողփուչ Մելոն վախճանվեց) հիշեցին, հիշեցին ժպտալով,— ձմեռ է. փոթորիկ է մտել Մամփրեի գլուխը, գարնան հետ դուրս կգա։

3.Ո՞վ էր Օսմանի լակոտը, ինչո՞ւ տարիներ առաջ կատարվածը այդպես էլ հանգիստ չէր տալիս Մամփրեին:

Մամփրեին հանգիստ չէր տալիս այն, որ նա տարիներ առաջ չկարողացավ նրան պատասխան տալ և դա մնաց իր ներսում։

4.Ովքե՞ր էին պապի թոռները:Ինչպե՞ս էր թոռնուհին սովորեցնում տառերը պապին:

Պապի թոռները խելացի և նրան արժանի թոռներ էին։ Թոռնուհին իր պապիկին շատ խիստ էր սովորեցնում այբուբենը, բայց դա միայն պապի օգտին էր։

5.Ինչո՞ւ Մամփրեն մինչև հիմա չէր սովորել հայոց այբուբենը:

Երբ վարժապետ Տեր Հարությունը սովորեցնում էր նրանց այբուբենը, պատերազմ սկսվեց և քանի որ վարժապետը գաղթեց, նրանք չկարողացան սովորել այբուբենը։

6.Ուշադիր եղիր, թե հատկապես ինչ պատճառով էր տանջվում Մամփրեն:

Մամփրեն տանջվում էր, որ չգիտեր այբուբենը և չեր կարողանում Օսմանի լակոտից վրել խնդիր լինել։

1. Երկրորդ մասի առաջին ընդգծված հատվածը խորհրդանշական պատկեր է .մեկնաբանիր այն:

Այդ հատվածում խոսվում էր Մեհրե աղբյուրի մասին։ Մեհրե աղբյուրը առաջացել է այնտեղ, որտեղ Մհերը իր ձեռքերով առյուծին մեջտեղից ճղեց և Աստծո կամքով այդտեղից ջուր բխեց և առածացավ աղբյուր։

2.Ի՞նչ մտահոգություններ ուներ Մամփրե արքան, ինչու՞. ներկայացրու պատճառները:

Թողնել մեկնաբանություն