Posted in Մայրենի

Հովհաննես Թումանյան «Չախչախ թագավորը»

Գ

Հարսանիքից հետո թագավորը իր աղջկանը մեծ բաժինք է տալի ու հանդեսով ճամփա դնում Չախչախ թագավորի հետ։

— Կացե՛ք, ես առաջ գնամ տունը պատրաստեմ, դուք իմ ետևից եկեք,— ասում է քավոր աղվեսը ու վազ տալի։

Վազ է տալի վազ, տեսնում է մի դաշտում մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է։

Ասում են.

— Շահ-Մարինը։

— Պա, Շահ-Մարի անունը էլ չտաք, որ թագավորը նրա վրա բարկացել է, զորքով իմ ետևից գալիս է. ով նրա անունը տվավ՝ գլուխը կտրել կտա։ Որ հարցնի թե ումն է, ասեք Չախչախ թագավորինը, թե չէ՝ վայն եկել է ձեզ տարել։

Վազ է տալի վազ, տեսնում է ոչխարի հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է։

— Շահ-Մարինը։

Հովիվներին էլ նույնն է ասում։

Վազ է տալի վազ, տեսնում է ընդարձակ արտեր, հնձվորները միջին հնձում են։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Շահ–Մարինը։

Հնձվորներին էլ նույնն է պատվիրում։

Վազ է տալի վազ, տեսնում է անվերջ խոտհարքներ։

— Էս ո՞ւմն են։

— Շահ-Մարինը։

Խոտ հարողներին էլ նույնն է ասում։ Հասնում է Շահ-Մարի պալատին։

— Շահ-Մար, ա Շահ-Մա՜ր,— գոռում է հեռվից վազելով։ Քու տունը չքանդվի, միամիտ նստել ես։ Թագավորը քեզ վրա բարկացել է, մեծ զորքով գալիս է, որ քեզ սպանի, տուն ու տեղդ քանդի, տակն ու վրա անի, ունեցած-չունեցածդ էլ թագավորական գրի։ Մի անգամ քեզ մոտ մի վառիկ եմ կերել, էն աղուհացը չեմ մոռացել։ Վազեցի, եկա, որ քեզ իմացնեմ։ Շուտ արա, գլխիդ ճարը տես, քանի չի եկել։

— Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ,— հարցնում է սարսափած Շահ–Մարը ու տեսնում է, որ ճշմարիտ, հեռվից փոշի բարձրացնելով գալիս է թագավորը։

— Փախի՛, շուտով ձի նստի ու փախի, էս երկրից կորի, էլ ետ չնայես։

Շահ-Մարը իսկույն նստում է իր լավ ձին ու փախչում էդ երկրից։

Աղվեսի ետևից գալիս են հարսանքավորները։ Գալիս են զուռնով, թմբուկով, երգով, զորքով հրացան արձակելով ու աղմուկով։

Գալիս են Չախչախ թագավորն ու իր կինը ոսկեզօծ կառքի մեջ, նրանց առջևից ու ետևից՝ անհամար ձիավորներ։

Հասնում են մի դաշտի։ Տեսնում են մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են նախրապանները։

Անց են կենում։ Հասնում են սարերին։ Տեսնում են ոչխարի սպիտակ հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են հովիվները։

Անց են կենում։ Հասնում են ընդարձակ արտերի։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Չախչախ թագավորինը։

Հասնում են խոտհարքներին։

— Էս ո՞ւմն են։

— Չախչախ թագավորինը։

Ամենքը մնացել են զարմացած, Չախչախ թագավորն ինքն էլ քիչ է մնում խելքը թռցնի։

Էսպեսով Աղվեսի ետևից գալիս են, հասնում Շահ-Մարի պալատներին։

Քավոր աղվեսն էնտեղ արդեն տեր է դառել, կարգադրություններ է անում։ Ընդունում է խնամիներին ու նորից սկսում են քեֆը։

Յոթ օր, յոթ գիշեր էլ էստեղ են քեֆ անում ու խնամիները վերադառնում են իրենց տեղը։

Չախչախ թագավորը, իր կինն ու քավոր Աղվեսը ապրում են Շահ-Մարի պալատներում։

Իսկ թագավորից վախեցած Շահ-մարը մինչև էսօր էլ դեռ գնում է։

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Կարդա Գ հատվածը և կազմիր հարցեր այդ հատվածի վերաբերյալ
    Որտե՞ղ է գտնվում Չախ-Չախ թագավորի տունը։
    Ու՞մ պալատը դարձավ Չախ-Չախ թագավորի պալատը։
    Ո՞վ էր հարսանիքի քավորը։
  2. Հատվածը սովորիր պատմել:
  3. Կարմիրով նշված բառերը բաժանիր բաղադրիչների, յուրաքանչյուրի դիմաց նշիր բառի տեսակը ըստ կազմության:
     նախիր-Պարզ
    ընդարձակ- Բարդ բառ
    աղուհացը-Բարդ բառ
    փոշի -Պարզ
    ոսկեզօծ-Բարդ բառ
    կարգադրություններ-Բարդ բառ
    էսօր-Պարզ
  4. Թվարկիր հեքիաթի հերոսներին, բնութագրիր յուրաքանչյուրին մեկ դիպուկ բառով:
    Չախ-Չախ թագավոր-միամիտ
    Աղվես-խորամանկ
    Թագավորը-միամիտ
    Թագուհի-միամիտ
  5. Հնձվորներից մեկը տուն գալով, ինչպե՞ս կպատմի կնոջը պատահածի մասին:
    Բարի օր կին ջան։Այսօր երբ արտը հնձում էի,մի աղվես եկավ և ասաց ,որ թագավորը շատ է բարկացել Շահ-Մար թագավորի վրա։Աղվեսը ասաց,որ այդ արտերը Չախ-Չախ թագավորի արտերն են։